Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ, բրիտանական ВВС հեռուստաալիքը գովաբանել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին.
«Դավութօղլուն այն կարևոր արտգործնախարարներից մեկն է, ով կարող է մտնել պատմության մեջ: Վերջին 10 տարիների ընթացքում Դավութօղլուն կատարելապես փոխել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և որդեգրել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը:
Իսկ վերջին երկու ամիսներին, երբ Թուրքիայի հարևան երկրներում քաոս է տիրում, Թուրքիան հայտնվել է բարդ իրավիճակում: Մեկ ակնթարթում անհասկանալի դարձավ, թե արաբական աշխարհի որ երկրների հետ է անհրաժեշտ համագործակցել:
Դավութօղլուն, սակայն, իրեն չկորցրեց և հայտարարեց, որ արաբական աշխարհում գրանցված վերջին զարգացումները խոսում են հեղափոխության դարաշրջանի սկսման և ոչ թե դոմինոյի էֆեկտի մասին:
Միևնույն ժամանակ, Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի միակ մահմեդական անդամ, զգուշորեն է մոտենում հարևան մահմեդական երկրներում անցկացվող ռազմական օպերացիաներին»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը Դավութօղլուին ընդգրկել էր «աշխարհի 100 մտածողների» թվում, իսկ դրանից առաջ էլ նրան ճանաչել էր 2010 թվականի «Նոր Քիսինջեր»` գտնելով, որ նրա վարած քաղաքականությունը համեմատելի է ԱՄՆ նախկին պետքարտուղար, Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի քաղաքականության հետ:
Արևմուտքում Դավութօղլուին համարում են հանրապետական Թուրքիայի (հիմնադրվել է 1923 թվականին) լավագույն արտգործնախարարը:









































