«Ես չեմ էլ մտածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն այսպես պատասխանեց հարցին՝ Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում չհայտնվելուց մի քանի օր հետո Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անակնկալ ջերմ ելույթ ունեցավ ՀՅԴ-ի մասին՝ ասելով, որ միակ կուսակցությունն էր, որտեղ ցուցակը կազմելիս ոչ մի խռովություն չեղավ. «Նման պարագայում ո՞նց չուզես, որ իրենք կարողանան առաջնորդել մեր ազգի հաջողությունները»: Նրա ելույթից հետո նույնիսկ Աղվան Վարդանյանը կոչ արեց պարոն Բոստանջյանին քվեարկել «խղճի մտոք», այսինքն՝ ՀՅԴ-ի օգտին: Այնպիսի տպավորություն էր, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը շուտով համալրելու է ՀՅԴ շարքերը:
Երեկ պարոն Բոստանջյանը իր այդ խոսքերն այսպես մեկնաբանեց. «ՀՅԴ-ի ծրագիրը շատ դրական կողմեր ուներ, ես արտահայտվեցի ու խոսեցի այդ մասին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հիշում եք, չի եղել այդպիսի բան, որ ես ասեմ՝ դուրս եմ գալիս ԲՀԿ-ից: Ես հիմա էլ դաշնակներին էլի բարձր եմ գնահատում: Իրենք բարձր են, պատասխանատվության ինստիտուտն է բարձր: ՀՅԴ-ն այն միակ կուսակցությունն էր, որը բոլոր պարագաներում կառավարման ղեկին մոտ գտնվող կամ կառավարման ղեկի մոտ եղած իրենց մարդկանց միջոցով իրենց ընդգծված պատասխանատվությունն են կրել, և հիշատակեք մի ոլորտ, որտեղ նրանք ունեն բացթողում: Այդպիսի բան չի եղել: Ես դա եմ ասել ու հիմա կրկնում եմ, նորից եմ ասում: Դաշնակցականները, ցանկացած պարագայում, եթե նրանց հանձնարարվում է գործ, նրանք դրան մոտենում են ամենամեծ պատասխանատվությամբ»:
Համամասնական ցուցակում չհայտնվելու խառը օրերին պարոն Բոստանջյանը «Իրավունքի» հետ զրույցում նշել էր, որ իրեն թվացել է, որ իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները շատ նորմալ են եղել: Իսկ թե ինչու չկա ցուցակում՝ երևի իր տեսակը ԲՀԿ-ին պետք չի եղել: Պարոն Բոստանջյանի խոսքերով՝ «ես փաստորեն անուղղակի ձևով ուզել եմ ասել, որ ինձ համար էլ զարմանալի եղավ համամասնական ցուցակում չհայտնվելը, և, պայմանավորված այդ հանգամանքով, ես կարող էի, չէ՞, դա ասել»: Թերթի հարցին՝ հիմա Ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ն են՝ Վարդան Բոստանջյանը վստահեցրեց, որ շատ լավ, որ իրենք հանդիպում են, զրուցում: Խորհրդարանական ընտրություններից հետո էլ հանդիպել են, նորմալ շփվել. «Իսկ ինչի՞ պիտի նորմալ չլիներ, նորմալ շփվել ենք: Ես ոչ թե նեղացած եմ եղել, դա ոչ թե նեղացածություն էր, այլ երևույթների դժվար ընկալում: Ես կարծում եմ, որ մտածող մարդը երբեք չպետք է նեղանա ոչ մի բանից»:
Այնուամենայնիվ, իրենց զրույցի ընթացքում Վարդան Բոստանջյանը Գագիկ Ծառուկյանին չի տվել իրեն հուզող հարցը՝ ինչո՞ւ իրեն հանեց համամասնական ցուցակից. «Պատճառների մասին չհարցրի: Ես ինքս ինձ բարձր եմ գնահատել դրա համար երբևիցե պատճառների մեջ չեմ մխրճվում: Եթե կարող եմ՝ ինքս կհասկանամ, իսկ եթե հանկարծ չեմ հասկանում, ուրեմն հետաքրքրվելով՝ պատճառներ չեմ իմանում»: Դուք բաց էիք խոսում և հաճախ կատարում ԲՀԿ-ի ընդհանուր տեսակետին հակառակ մեկնաբանություններ, դա կարո՞ղ էր պատճառ հանդիսանալ, Վարդան Բոստանջյանը չբացառեց. «Հնարավոր է նաև դա լիներ պատճառը, որ ես ցուցակից դուրս մնացի»:









































