Բրազիլիայի գլխավոր դատախազությունը հանձնարարել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվայի նկատմամբ հետաքննություն իրականացնել՝ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալին նրա մասնակցության հետ, որը բռնկվել է 2005 թ.,- գրում է Estado de S. Paulo թերթը:
2002 թ. նախագահական ընտրություններում Սիլվայի հաղթանակից հետո Աշխատավորների կուսակցության ղեկավար Ժոզե Ժենուինին, որը համարվում էր նախագահի աջ ձեռքը, ստեղծել է խոշոր կոռուպցիոն ցանց, որը գոյություն ուներ պետական միջոցների հաշվին: Այսպես՝ ի հաշիվ բյուջետային միջոցների, ապօրինի ֆինանսավորվել է նախընտրական քարոզարշավը, ինչպես նաև զբաղվել են քաղաքական կաշառքով:
Ըստ Estado de S. Paulo-ի՝ անցած ամիս բրազիլացի գործարար Մարկոս Վալերիոն, որը դատարանի կողմից ճանաչվել է ցանցի անդամներից մեկը և դրա համար ստացել է 40 տարվա ազատազրկում, հայտնել է հետաքննությանը, որ Սիլվան տեղյակ է եղել այդ սխեմայից և բաժին է ունեցել ստացված գումարից:
Ինքը՝ նախկին նախագահը, հերքում է բոլոր մեղադրանքները:
Դատավարության ընթացքում դատավճիռ է կայացվել 26 քաղաքական գործիչների, գործարարների ու հասարակական գործիչների նկատմամբ:






































