Հորդառատ անձրևների հետևանքով Մերձավոր Արևելքում կտրուկ բարձրացել է գետերում ջրի մակարդակը: Ինչպես հաղորդում է France 24-ը առատ տեղումներից առավել տուժել են հյուսիսիմ գտնվող երկրները՝ Հորդանանը, Եգիպտոսը և Իսրայելը:
Հորդանանի մայրաքաղաք Ամանը մեկուսացել է երկրի հյուսիսում գտնվող Զարկա քաղաքից, քանի որ քաղաքներն իրար կապող մայրուղին տեղ-տեղ ծածկված է մինև 1 մետր բարձրությամբ ջրով: Մայրաքաղաքում դրենաժային համակարգի աշխատանքի խաթարումների հետևանքով փակվել է թունելների և ստորգետնյա հաղորդակցությունների մի մասը:
Վատ եղանակային պայմանները բարդացնում են մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը և Հորդանանի հյուսիսում՝ սիրիացի փախստականների ճամբարում տիրող իրավիճակը: Ականատեսների խոսքերով՝ Զաաթարի ճամբարում ուժեղ քամին պոկել է մի քանի տասնյակ վրաններ: Բացի այդ, մի քանի մարդ վնասվածքներ են ստացել հրմշտոցի և կարճատև բախումների հետևանքով, երբ կատարվածի արդյունքում մարդիկ սկսել են նոր ապաստան փնտրել: Զաաթարիի ճամբարում ապրում է շուրջ 62 հազար փախստական:
Նմանատիպ իրավիճակ է առաջացել նաև Լիբանանում, որտեղ հորդառատ անձրևների պատճառով փակվել է Բեյրութ-Դամասկոս ավտոճանապարհը:
Հորդանան գետի Արևմտյան ափին հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել: Նաբլուս քաղաքում երկու կին զոհվել են: Associated Press-ը գրում է, որ ջրի հոսանքը քշել է նրանց ավտոմեքենան: Մարդիկ զրկվել են էլեկրականությունից, կատարվում են տարհանման աշխատանքներ:
Արդեն մի քանի օր է ուժեղ քամու պատճառով Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգստի ղեկավարությունը նավեր չի ընդունում:
Իսրայելում օդերևութաբանները հայտնում են, որ երկրի հյուսիսային շրջաններում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: Ըստ նրանց կանխատեսումների՝ այս տարի տեղումների քանակը տասնամյա ռեկորդ է սահմանել:









































