Մալիի բանակին հաջողվել է հետ մղել իր դիրքերի վրա հարձակումները, որոնք ձեռնարկել էին զինված իսլամիստները` հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս շաբաթվա սկզբից մեծացել է լարվածությունը Կենտրոնական Մալիի Մոպտի բնակավայրում, որտեղ տեղի են ունեցել տեղային բախումներ Մալիի բանակի և արմատական շարժման զինյալների միջև:
Երեկ՝ հունվարի 8-ին, բանակային ստորաբաժանումները իրականացրել են մի քանի նախազգուշական կրակոցներ Կոն քաղաքի մերձակայքում, ինչից հետո զինյալները հեռացել են: Այդ բնակավայրը պայմանական գծի մոտակայքում է, որը բաժանում է կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանները 2012թ. գարնանը ծայրահեղականների հսկողության տակ հայտնված շրջաններից:
Ավելի վաղ հաղորդվում էր կանոնավոր զորքերի կողմից ծանր զինատեսակների կիրառության մասին՝ հակառակորդին զսպելու նպատակով:
Մինչ այդ` Մալիի իշխանությունների ու իսլամիստների միջև բանակցությունները, որոնք այս հինգշաբթի պետք է սկսվեին Բուրկինա Ֆասոյում, կողմերի խնդրանքով հետաձգվել են՝ դրանց ավելի լավ նախապատրաստվելու նպատակով:








































