Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հունվարի 8-ին հայտարարել է, որ Բելգիայի դռները բաց են բոլոր՝ ֆրանսիական, ռուսական կամ այլ անձնագրերով արտասահմանցիների առջև,- հայտնում է Interfax գործակալությունը:
«Առանց տատանվելու եկեք մեզ մոտ, երկրի դռները բաց են՝ ունենաք ֆրանսիական, ռուսական թե այլ անձնագիր: Բրյուսելը միջազգային քաղաք է, և մենք ձեզ կընդունենք գրկաբաց»,- ասել է Բելգիայի ԱԳՆ ղեկավարը լրագրողներին Ամանորի շնորհավորանքի ժամանակ:
Բելգիացի նախարարը ակնարկել է այն իրավիճակը, որը ստեղծվել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի առնչությամբ, որը ռուսական անձնագիր է ստացել և հույս ունի դառնալ նաև բելգիահպատակ:
Չտալով Դեպարդյեի անունը՝ Ռեյնդերսը նկատել է, որ բելգիացի արվեստի գործիչներն էլ տեղափոխվում են Ֆրանսիա: «Փոխանակումը տեղի է ունենում երկու ուղղություններով ու «Թալիստը» (Բրյուսել-Փարիզ ճեպընթացը) գնում է երկու ուղղությամբ էլ»,- նկատել է նա՝ հավելելով, որ «Բելգիան շատ հյուրասեր երկիր է»:







































