Իրաքյան հնագետները Բաղդադից ոչ շատ հեռու հայտնաբերել են 66 մետաղադրամներից բաղկացած գանձեր, որոնք թվագրվում են Սասանյան դինաստիայի դարաշրջանով: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Մետաղադրամները հայտնաբերվել են Ազիզիա քաղաքում՝ Բաղդադից 70 կմ հեռավորության վրա: Հայտնագործության մասին լրագրողներին պատմել է հնությունների գործերով վարչության տնօրեն Հասսանային Մուհամեդ Ալին:
Բոլոր հայտնաբերված մետաղադրամները կողմերից մեկի վրա կրում են անտրոպոմորֆ պատկեր, որը Աստված է կամ էլ ղեկավարը: Մետաղադրամների նվազագույն տարիքը 1400 տարեկան է:
Հնագետների խոսքերով՝ հայտնագործությունը ներկա դրությամբ ուղարկվել է լաբորատորիա ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար: Հետագայում գիտնականները մտադիր են մետաղադրամները հանձնել Բաղդադի թանգարանին:











































