«Հայկական ժամանակ»-ը շարունակում է հարցազրույցները ՀՀ տարբեր մարզերի բնակիչների հետ:
Վարդանը 39 տարեկան է, ապրում է Արագածոտնի մարզի Սորիկ գյուղում, ունի 5 անչափահաս երեխա, չունի անասուններ, հողատարածք և չի աշխատում:
– Վարդան, ինչպե՞ս եք նշել Նոր տարին:
– Արել ենք էլի, հնարավորության չափով արել ենք: Պարտքերով, բան արել ենք էլի, հիմա ով ա՞ նաղդ անում, պարտքով ա սաղ:
– Ինչքա՞ն պարտք եք կուտակել:
– 100 հազարն անցել ա, տարբեր մարդկանցից մի քիչ-մի քիչ վերցրել ենք էլի, թե չէ հիմի ո՞վ կտա միանգամից էդքան փող: Մի ժամանակ աշխատում էի, էս երկու տարի ա առողջական պատճառով չեմ աշխատում. վայեննի եմ աշխատել՝ պոստավիկ եմ եղել, պայմանագրային ծառայել եմ Վարդենիսում, բայց դե, էլ չէի կարում պոստ գնայի, դուրս եմ եկել: Էն ժամանակ դե մի 100 հազար, 110 հազար ստանում էի:
– Ձեր պարտքերը ինչպե՞ս եք վերադարձնելու:
– Չգիտենք էլի, եսիմ, ի՞նչ իմանանք: Աստծո հույսով ապրում ենք, էլի, ես խաբա՞ր եմ… դե, երևի հեսա օրերը բացվեն, մի բան կանենք, էլի: Կտանք էլի, ես ի՞նչ իմանամ… հեսա օրերը բացվի, թողենք, էթանք խոպան, տենանք, լավ լինի, ժողովրդին էլ հավաքենք, տանենք, էդքան բան, ես տենց որոշել եմ, հաստատ, թե չէ՝ ստեղ ինչ աշխատեմ, որ ութը շունչ պահեմ: Մոտիկ մարդիկ կան, կանչում են, հլը տեսնենք, որտեղա հարմար, ընդեղ կգնանք: Ուրիշ ելք չկա, սուտ ա:
– Այսօր արդեն պարզ է, որ կան նախագահական ընտրությունների 7 թեկնածուներ, գիտե՞ք ովքեր են:
– Հա՞, արդեն յոթը կա՞ն, դե կշատանան երևի, մեր հայերը մի հոգի, երկու հոգի չեն լինի, շատ կլինեն:
– Ըստ ձեզ՝ թեկնածուների շատ լինելը լա՞վ է:
– Վատ ա, մեկ ա, յոթից մի հոգի չպիտի՞ լինի, բա ավելի՞ լավ չի իրանք իրար մեջ էդ մի հոգուն ընտրեն ու պրծնի, էթա, էլ ժողովրդին խի՞ են խառնում իրար, որովհետև ով էլ ըլնի, մեր համար մեկ ա, մեր հայը չի՞:
– Ձեր կածիքով ճիշտ ձևը դա՞ է:
– Հա բա ոնց, ըտենց ավելի ճիշտ կլներ: Ես որ ճիշտն ասեմ, քաղաքականությունով չեմ էլ հետաքրքրվում: Դե, օրը կգա, մեկին կընտրենք էլի: Ես կոնկրետ գիտեմ, ում եմ ընտրելու:
– Եվ ու՞մ եք ընտրելու:
– Հանրապետականին, էլ ու՞մ, որովհետև ես հարգում եմ իրանց: Դե մարդը լավից վատից տիրություն ա անում, ես հիմի նաղդը թողեմ, էթամ նիսյայի հետևի՞ց:
– Ձեր նշած թեկնածուն ինչպե՞ս է տիրություն անում, եթե ո՛չ դուք, ո՛չ ձեր կինը չեք աշխատում և չեք կարողանում, ինչպես հարկն է, ապահովել ձեր երեխաների կարիքները:
– Բա ի՞նչ անեմ, թե չէ որ ուրիշը եղավ, ո՞նց կիմանամ: Հիմի սենց գոնե կողից հարևանները պարտքով տալիս են, կարող ա էն վախտ, որ ուրիշը գա, դառնա նախագահ պարտքով փող էլ չտան: Սաղ սուտ ա, մեկ ա մեր վիճակը նույն ա ըլնելու:









































