Հասկանալի է, թե քաղաքական իմաստով Հայաստանի համար որքան կարևոր կարող է լինել, եթե ԱՄՆ ճանաչի Հայոց ցեղասպանությունը Կոնգրեսի ընդունած օրենքով կամ գոնե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի մակարդակով: Մյուս կողմից, իհարկե, առավել տեսանելին այդ քաղաքական հաջողության բարոյական կողմն է, իսկ դրա պրագմատիկ արդյունքը շատ հարաբերական կարող է լինել:
Բայց, բոլոր դեպքերում, մեր նպատակն այժմ դա քննարկելը չէ, առավել ևս, որ այդ հեռանկարը թերևս շատ հեռու է: Պարզապես այդ համատեքստում արժե անդրադառնալ այսօր Շվեյցարիայի նախագահ Միշելին Քամիլ-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին: Նա ասել է, որ հայ ժողովուրդը փաստորեն սպասում է, թե երբ է ԱՄՆ նախագահը արտասանելու ցեղասպանություն բառը:
ԱՄՆ-ն իհարկե հզոր պետություն է, աշխարհի միակ գերտերությունը, որն, ի դեպ, շատ մեծ գործ է արել անկախ Հայաստանի կայացման, զարգացման համար, շատ մեծ գործ է անում Հայաստանում արդիականացման գործընթացներ խթանելու համար, բայց նույնիսկ այդ ամենով հանդերձ, անգամ տարօրինակ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն զբաղեցնող մարդը սեփական ժողովրդին նվաստացնող այդպիսի հայտարարություն կարող է անել ի լուր աշխարհի՝ մի ամբողջ ժողովրդի դնելով ինչ-որ՝ թեկուզ գերտերության նախագահի մի արտահայտության հետ նույն նժարի վրա:
Այո, հայ ժողովուրդը ակնկալում է ԱՄՆ նախագահից Ցեղասպանության վերաբերյալ հստակ դիրքորոշում, բայց հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանին չի պատվիրակել այդ դիրքորոշման վերաբերյալ գրավոր կամ բանավոր հրապարակային խնդրագիր ձևակերպել ԱՄՆ նախագահի առաջ: Գուցե Սերժ Սարգսյանը փորձում է ռեաբիլիտացվել նախորդ տարի Ջո Բայդենի հայտնի բացահայտումից հետո, երբ Բայդենն ասել էր, որ Սերժ Սարգսյանն ինքն է խնդրել իրենց, որ չարտասանվի ցեղասպանություն բառը` հայ-թուրքական գործընթացին չվնասելու համար:
Բայց Սերժ Սարգսյանը թող ընտրի ռեաբիլիտացիայի այլ ուղիներ, ոչ թե ռեաբիլիտացվի հայ ժողովրդի արժանապատվության հաշվին` ըստ էության, համեմատելով մեր ժողովրդին և Օբամայի ուղերձի մի բառը: Որևէ չինովնիկ, նույնիսկ նախագահի պաշտոն զբաղեցնող, իրավունք չունի քաղաքական հարցեր լուծել ժողովրդի արժանապատվությունը խաղարկելով: Հայ ժողովրդի սպասումները հրապարակային քաղաքականության խաղաքարտ չեն, ինչպես փորձում է դրանք ընկալել և իրացնել Սերժ Սարգսյանը, ում «նախաձեռնողականությունն» առանց այդ էլ հասցրել է բավական շատ բարոյական հարվածներ հասցնել հայ ժողովրդին:
Ի դեպ, այդ առումով նաև շատ հետաքրքրական է Շվեյցարիայի նախագահ Միշելին Քամիլ-Ռեյի այցը Հայաստան: Հետաքրքրական է այդ այցի ներկայիս ժամանակաշրջանը, երբ մոտենում է ապրիլը` հայ-թուրքական գործընթացի անկյունաքարային ամիսներից մեկը: Քամի-Ռեյը, ում միջնորդությամբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, երբ նա դեռ Շվեյցարիայի արտգործնախարարն էր, Երևանում Շվեյցարիայի նախագահի կարգավիճակով հայտարարել է, որ իր երկիրը ձեռքերը չի լվացել և կանի հնարավորը հայ-թուրքական գործընթացի կողմերին խթանելու և գործընթացը առաջ մղելու համար: Ինչո՞ւ է միջնորդ Շվեյցարիան ապրիլին ընդառաջ այցելել Հայաստան:
Արդյո՞ք այն բանի համար, որ հենց ապրիլի 24-ին ընդառաջ որոշակիորեն ջերմացնեն հայ-թուրքական հարաբերություններն ու այդպիսով մեղմացնեն ֆոնը՝ այդ թվում և ԱՄՆ իշխանության համար ստեղծելով ցեղասպանություն բառն արտասանելուց խուսանավելու հարմար մթնոլորտ, հարմար առիթ: Ըստ ամենայնի, այս անգամ արդեն Սերժ Սարգսյանը որոշել է այդ առիթը հնարավորինս թանկ գնով ընձեռել, ինչի համար էլ բարձրաձայնում է ցեղասպանություն բառի խնդիրը:
Միևնույն ժամանակ, թերևս պատահական չէ, որ նա այդ բանն անում է՝ շեշտը դնելով հայ ժողովրդի անունից հանդես գալու վրա: Այդպիսով նա փորձում է միջնորդներին հիշեցնել, թե ինչ ժողովրդական դիմադրություն կա իր ֆուտբոլային դիվանագիտության դեմ, ու թե ինչ մեծ աջակցության կարիք ունի ինքը միջնորդներից:
Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն էլ փորձում է առիթից օգտվել և այդ աջակցությունը ստանալ ներքաղաքական բուռն գործընթացների ֆոնին:







































