Ռեժիսոր Քեթրին Բիգելոուն արձագանքել է ամերիկացի մի շարք սենատորների հայտարարությանն, ըստ որի՝ Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին պատմող նոր ֆիլմն արդարացնում է կտտանքների գործադրումը։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Հունվարի 7-ին ելույթ ունենալով Կինեմատոգրաֆիստների ամերիկյան ինստիտուտի մրցանակաբաշխության ժամանակ՝ Բիգելոուն հայտարարել է, որ ֆիլմը պատմում է միայն պատմություն, իսկ դա չի նշանակում, որ ստեղծողները պաշտպանում կամ արդարացնում են այն ամենը, ինչ պատկերված է այնտեղ:
Բիգելոուն նկատել է, որ հակառակ դեպքում ոչ մի նկարիչ չէր կարող պատկերել անմարդկային արարքներ, ոչ մի գրող չէր կարող գրել այդ մասին:
Ռեժիսորին աջակցել է ֆիլմի սցենարիստ Մարկ Բոուլը: Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ֆիլմը լրագրողական հետաքննություն չէ, և դրա հիմքում միայն իրական պատմություն է: Բոուլը նաև հավելել է, որ հպարտանում է այդ ֆիլմով:









































