Իրանի իշխանություններն այսօր իրենց աջակցությունն են հայտնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելի թեկնածությանը: Հեյգելը հայտնի է Իրանի և Իսրայելի դեմ ոչ միանշանակ հայտարարություններով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ հայտարարությանը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստի խոսքով՝ Իրանը հույս ունի, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Հեյգելի հաստատման դեպքում երկու երկրների հարաբերությունները դրական ընթացք կստանան:
Երկուշաբթի ԱՄՆ նախագահը Չակ Հեյգելին առաջադրել էր Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Սպասվում է, որ նրա հաստատման գործընթացը Սենատում կարող է դիմակայության հանդիպել: Պատճառը Հեյգելի դիրքորոշումն է Մերձավոր Արևելքի հարցում:
Ավելի վաղ նա մեծ աղմուկ էր բարձրացրել «հրեական լոբբիի» մասին իր արտահայտություններով: Նա ասել էր, որ «հրեական լոբբիի» կրունկի տակ է գտնվում ամերիկյան Կոնգրեսը: Նա բարձրաձայնել է նաև Իրանի և ՀԱՄԱՍ շարժման հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:









































