Փետրվարի 18-ին ՀՀ-ում ընտրական հեղափոխություն է տեղի ունենալու, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է ՀՀ-ում քսան տարի գործող ուժային, հարկային համակարգը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով գալիք նախագահական ընտրություններին սպասվող պայքարի իր մոտեցումների շուրջ:
Բանախոսը նշեց, որ հարգում է գալիք նախագահական ընտրությունների ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ հատկապես Հայրիկյանին և Բագրատյանին, ովքեր ՀՀ պետականության ակունքներում են կանգնել: Ուստի, կուսակցության ղեկավարի համոզմամբ, նրանք արժանի մրցակիցներ են թե՛ ՀՀ նախագահի, թե՛ իր համար: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն կատարի իր խղճի մտոք, որովհետև կեղծ են թեզերն այն մասին, որ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է:
«Ով տանը մնա այդ օրը, կամա թե ակամա, ուզի թե չուզի՝ մասնակցում է քաղաքական հնազանդության հաղթարշավին, չմասնակցելով՝ ապահովում է այս իշխանության վերարտադրումը։ Դա պետք է բացառել: Դրա համար իմ ցանկությունն է, կոչը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքական կուսակցություններն անպայման մասնակցեն ընտրություններին, որովհետև սա լինելու է պատմական և ապագայամետ ընտրություն: Չմասնակցելու համար պատճառ չպետք է լինի այն, որ մեր ցանկացած թեկնածուն չի մասնակցում ընտրություններին:
«ժառանգությունն» առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, բայց դա որևէ խոչընդոտ չէր, որ մենք զորակցեինք այս կամ այն ուժին, մենք լուծումը տեսանք մեզնից վեր, մեր եսը հաղթահարեցինք: Ուստի կոչ եմ անում ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, նույնիսկ ՀՀԿ-ին և այլոց ընտրություններին մասնակցել խղճի մտոք: Նաև հորդորում եմ պարոն Սարգսյանին, որ նա լրջագույնս վերաբերվի այն նամակին, որ իրեն ուղարկել եմ. այն ամփոփում է հիմնական կետերը, որոնք ներառում են լուծումներն ազատ արդար ընտրությունների անցկացման»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ եթե հայ ժողովուրդը մասնակցի ընտրություններին, կտոնի քսան տարվա ընթացքում առաջին հաղթանակը և կունենա դե յուրե նախագահությունը 91 թվականից այն կողմ:
Բանախոսի դիտարկմամբ՝ սա պայքար է լինելու դե ֆակտո Հայաստանի և դե յուրե Հայաստանի միջև, դա լինելու է պայքար Սերժի և Րաֆֆիի Հայաստանների միջև:
Րաֆֆի Հովահաննիսյանը նշեց, որ ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը ապագա Հայաստանի հանրային ծառայության մեջ իրենց տեղը պետք է ունենան. «Նրանք արժանի մրցակիցներ են ՀՀ գործող նախագահին և ինձ»:









































