«Համացանցային իրերի» ծառայություններից ստացված եկամտի համաշխարհային ծավալը 2015թ. կհասնի 69.5 մլրդ դոլարի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Gartner վերլուծական ընկերության կանխատեսմանը:
«Համացանցային իրեր» ասելով վերլուծաբանները նկատի ունեն ավտոմատ սարքերի հանրագումարը, որոնք միացված են համացանցին տվյաների փոխանակման համար: Gartner-ի կանխատեսմամբ՝ այդպիսի սարքերի թիվը 2014թ. համեմատ 2015-ին կավելանա 30%-ով՝ մինչև 4.88 մլրդ միավոր:
2015թ. առավել մեծ աճ կունենան ավտոմեքենաներում միացված սարքերը. դրանց թիվը մոտ կրկնակի կավելանա՝ 190 մլն-ից մինչև 372 մլն:
Սակայն գործող «խելացի սարքերի» թվով, ինչպես նախկինում, առաջատարը կլինեն սպառողական սարքերը՝ բնակարանների, կենցաղային տեխնիկայի և հեռակառավարման սարքերը:
2020թ. «խելացի իրերի» օգտագործմամբ ծառայությունները աշխարհում կբերեն 263 մլրդ դոլարի եկամուտ:










































