«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
– Տիկին Հակոբյան, Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո դեսպանների հետ հանդիպում էր ունեցել և նրանց հանձնարարել էր ներդրումներ Հայաստանին ապահովել: Դուք սփյուռքահայերի հետ հաճախ եք հանդիպումներ ունենում, նրանք հակվա՞ծ են Հայաստանում ներդրումներ կատարել:
– Մենք գումարեցինք հայրենիք-սփյուռք համաժողովը, հրավիրեցինք հազարից ավելի մեր հայրենակիցներին, որոնք 750 կազմակերպությունների ղեկավարներ էին, և մեր ընդունած հայտարարության առաջին կետը Հայաստանի հզորացմանն էր վերաբերում: Այսինքն՝ ինչ անենք, որ մեր երկրում ներդրումներն ակտիվանան: Մենք, օրինակ, մի շարժում ենք ստեղծել՝ բացիր քո բանկային հաշիվը Հայաստանում: Այսօր շատ ու շատ սփյուռքահայեր իրենց բանկային հաշիվներն են բացում Հայաստանում:
– Քանի՞ սփյուռքահայ է հաշիվ բացել հայաստանյան բանկերում, և որքան գումար են այնտեղ փոխանցում:
– Չեմ կարող ասել, բայց արդեն ահագին են, գալիս են նախարարություն և ուրախությամբ ասում են, թե մենք միացանք ձեր շարժմանն ու բացեցինք մեր բանկային հաշիվը: Սա արդեն մի հետաքրքիր շարժում է, որը ֆինանսներ բերելու և բավականին լավ հնարավորություններ է ստեղծելու:
– Բայց սփյուռքահայ գործարարները վստահո՞ւմ են Հայաստանին, որ գումար են բերում այստեղ:
– Երեկ չէ առաջին օրը ես եկա Հորդանանից, և տասը մարդ մոտեցավ ինձ ու ասաց՝ տիկին Հակոբյան, միացել ենք ձեր կոչին և Հայաստանում մեր հաշվի համարներն ենք բացել: Ինչպես նախագահն ասաց՝ Հայաստանը հայերի համար հյուրանոց չպիտի լինի, բնակարան են գնել: Ես իմ ուղիղ շփումներից եմ ասում՝ գալիս են Հորդանանից, որ բնակարան առնեն: Այդ մարդկանց զանգահարեմ, դուք հանդիպեք, տեսեք, որ այդ շարժման մեջ են: Երկրորդը՝ կարող եմ ասել, որ անցնող մեկ ամսվա ընթացքում 100 միլիոն դոլարի ներդրում կատարվեց Հայաստանում՝ բացելով դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում 13 մլն դոլարով դպրոց բացվեց, բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը և այլն: Այնպես որ՝ մեր այդ առաջարկներով, կոչերով, դիմումներով սփյուռքը փորձում է տարբեր կերպ մասնակից լինել մեր տնտեսության զարգացմանը:
– Սփյուռքի գործարար ներկայացուցիչների մոտ վստահության պակաս չե՞ք զգում Հայաստանի նկատմամբ: Չէ՞ որ Հայաստանում դրսի ներդրումները կտրուկ անկում են ունեցել: Դուք ասում եք՝ գալիս, են գումար են դնում բանկերում, տուն են առնում և այլն: Այդ դեպքում ինչո՞ւ չեն ավելանում ներդրումները:
– Եթե համեմատում ենք շինարարության հետ, այո, 2005-2006 թթ. բնակարանաշինության ոլորտում մեծ ներդրումներ են եղել: Իսկ եթե համեմատում ենք տնտեսության այլ բնագավառների հետ, այդտեղ ներդրումներ չեն ընկել:
– Տիկին Հակոբյան, ներդրումներն ու հատկապես արտասահմանյան ներդրումները կտրուկ ընկել են ոչ միայն շինարարության ոլորտում, այլև ողջ տնտեսությունում:
– Սիրելիս, ներդրումները պարզապես բնակարանաշինության ոլորտում են ընկել, որովհետև շատ կառուցվեց, և հիմա ակտիվ շինարարության առումով նոր ցանկություն ունեցողների որոշակի նվազում կա: Բայց ընդհանրապես բոլոր բնագավառներում ներդրումների շեշտակի պակաս ես չեմ տեսնում: Եվ մեր աշխատանքի նպատակն էլ այն է, որ խրախուսենք ներդրումների ակտիվացմանը:
– Ձեզ հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում արտերկրում և մարդկանց հորդորում է գալ ու Հայաստանում ներդրումներ կատարել:
– Ես ուրախ եմ, որ նա միանում է մեր շարժմանը, որովհետև դա բոլորիս ցանկությունն է: Իսկ շարժումը՝ սփյուռքին հրավիրել, որ գան և Հայաստանում ներդրում անեն, անկախության առաջին օրվանից է: Եվ Հայաստանի բոլոր իշխանությունները սփյուռքին են դիմել՝ խնդրելով ներդրումներ անել: Նույնն էլ Գ. Ծառուկյանն է ասում, նա հակառակ բանը չի ասում: Նա ասում է՝ եկեք ու ներդրումներ արեք: Նա իր հայրենիքի համար է մտածում:
– Գ.Ծառուկյանը նաև այլ երկրների պաշտոնյաների հետ է հանդիպում ու նրանց հորդորում ու երաշխավորում ներդրումներ անել Հայաստանում:
– Դա արդեն իր խնդիրն է, որպես կուսակցության ղեկավար, որպես պատգամավոր:
– Բայց չե՞ք կարծում, որ պատկան մարմինների, իշխանությունների կամ պետության դերն այդ գործում այնքան է նվազել, որ արդեն ոչ իշխանական կուսակցության ղեկավարն է ներդրումների ապահով լինելու երաշխիք խոստանում:
– Կուսակցության ղեկավարն իշխանություն է, նա խորհրդարանում իշխանություն է: Պառլամենտական իշխանություն և ընդդիմություն հասկացողությունները չխառնենք իրար:
– Բայց խորհրդարանական ոչ իշխանական կուսակցությունները գործադիր լծակներ չունեն, կոալիցիայում չեն, նրանք գործնականում չեն կարող իշխանություն լինել:
– Ազգային ժողովում բոլոր պատգամավորներն իշխանության մաս են կազմում: Նրանք իշխանություն են, որովհետև նրանց միջոցով ընդունված օրենքներն են այսօր Հայաստանում գործում, և կառավարությունն իրականացնում է այդ օրենքների կիրառումը: Եթե օրենքը որոշեց սևին սպիտակ ասել, մենք պիտի դա անենք: Հետևաբար, նրանք իշխանություն են և օրենքների միջոցով իշխում եմ:
– Բայց գոնե Դուք լավ գիտեք, որ Հայաստանի խորհրդարանում օրենքներն ընդունվում են միայն մեծամասնության կողմից և նրանց ցանկությամբ:
– Ինչու, չկա՞ն օրենքներ, որոնք ընդունվում են փոքրամասնության առաջարկությամբ:
– Տիկին Հակոբյան, Դուք պատգամավոր եք եղել և շատ լավ գիտեք, որ արդեն երկար տարիներ մեր խորհրդարանում օրենքներն ընդունվում են հիմնականում մեծամասնության՝ տվյալ դեպքում Հանրապետական կուսակցության ցանկությամբ: Եթե Հանրապետականը չի ցանկանում, որևէ նախագիծ չի ընդունվում:
– Այդ դեպքում նրանք ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավունք: Դուք շատ լավ գիտեք, որ որոշակի օրենքների մեջ իրենց մասնակցությամբ փոփոխություններ կատարելու գաղափարը: Եթե խելացի, կառուցողական առաջարկներ արվում են, ապա Հանրապետականն ընդունում է դրանք:
– Դուք իշխանափոխությունից չե՞ք վախենում, դժգոհությունները մեծ են ձեր իշխանության նկատմամբ:
– Ես կարծում եմ, որ իշխանափոխությունը կատարվում է միայն սահմանադրական կարգի միջոցով, իսկ դա ընտրությունն է: Կլինի՞ ձեր ասած դժգոհությունը, ժողովուրդը կորոշի: Ինչո՞ւ եք դուք միայնակ, հազար կամ քսան հազար հոգով խոսում երեք միլիոնի փոխարեն:
– Ոչ իշխանական ուժերը համախմբվել և արդեն իշխանափոխություն են պահանջում, պայքարում են ձեր իշխանության դեմ:
– Իրենք քաղաքական խնդիր են լուծում, որովհետև գնում ենք ընտրությունների: Պարզապես մի փոքր շուտ են սկսել նախապատրաստական աշխատանքները:







































