Բրիտանական Rolling Stones ռոք-խմբի անդամները դատի են տվել մի շարք ապահովագրական ընկերությունների, որոնք հրաժարվում են նրանց վճարել խմբի լիդեր Միք Ջագերի ընկերուհու՝ ամերիկացի նկարչուհի-մոդելավորող Լորեն Սքոթի ինքնասպանությունից հետո հետաձգված համերգներից կրած վնասները: Այս մասին այսօր հայտնում է Times թերթը:
Երաժիշտները ապահովագրական ընկերությունների դեմ, որոնց անունները չեն հրապարակվում, հայց են ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան: Փաստաթղթերում բժշկի եզրակացություն կա, որ ընկերուհու մահից հետո Միք Ջագերը տառապել է տրավմատիկ սթրեսի համախտանիշով, ինչը նրան թույլ չի տվել շարունակել հյուրախաղերը:
Լորեն Սքոթը, որին հետապնդել են ստեղծագործական և գործնական անհաջողությունները, ինքնասպան է եղել այս տարվա մարտին: Այդ ժամանակ Rolling Stones-ը շրջագայության է եղել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Տուրն անհապաղ չեղյալ է հայտարարվել, Ջագերը մեկնել է ԱՄՆ թաղման: Մայիսին խումբը վերսկսել է իր համաշխարհային շրջագայությունը: Հիմա Rolling Stones-ն Ավստրալիայում է:
Սակայն չնայած համերգները վերսկսվել են՝ խումբը զգալի վնաս է կրել: Երաժիշտները դիմել են 12 ընկերության՝ 12,7 մլն դոլարի փոխհատուցման պահանջով: Սակայն ընկերությունները հրաժարվել են վճարել խմբին:







































