Քիչ առաջ ավարտվեց եռյակի նիստը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ իշխանական եռյակը բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի վաղը չէ մյուս օրը: Նրա խոսքով՝ կան առաջարկներ հանրային միջոցառումների ձևի և բովանդակության վերաբերյալ, ուստի որոշ հարցեր պետք է քննարկվեն կուսակցությունների ներսում:
Ստեփան Մարգարյանի դիտարկմամբ՝ ի հեճուկս շատ ցանկությունների՝ եռյակը չի պառակտվում: Ըստ նրա՝ նորմալ է, որ յուրաքանչյուր ուժ այս կամ այն խնդրի վերաբերյալ ունի իր տեսակետը:
Նա նաև նշեց, որ եռյակի կենսունակության համար կարևոր է այն, թե որքանով է եռյակը ունակ հաղթահարելու տարակարծությունները և վերջնական կոնսենսուսի գալու:
«Ես համոզված եմ, որ այսօրվա քննարկումից հետո բոլոր հարցերում մենք այսօր կոնսենսուսի կգանք: Վաղը չէ մյուս օրը կհայտարարենք, թե ինչպիսին է լինելու հետագա գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկը չի հայտարարելու՝ հանրահավաք լինելո՞ւ է, թե՞ ոչ: Հանրահավաքները շարունակվելու են:
Ինչ վերաբերում է ՀԱԿ հայտարարությանը, թե՝ հանրահավաքները շատ կարևոր են, Ստեփան Մարգարյանը նշեց, որ հանրահավաքները չեն դադարում, և շարժումը միայն հանրահավաքը չէ:
Նա նաև նշեց, որ մտավախություն չունեն, թե կարող է հիասթափություն առաջանալ: Եռյակում որևէ խնդիր, որևէ լարվածություն չկա, ավելին՝ իրենք այս կամ այն հարցի վերաբերյալ մշտապես ունեցել են տարբեր մոտեցումներ:
«Մոտեցումների տարբերությունն այն է, թե երբ անել հանրահավաքները: Մեծ հանրահավաքի մասին մենք որոշում կկայացնենք այն ժամանակ, երբ կզգանք, որ արդեն պահն է»,- ասաց նա:
Մարգարյանի խոսքով՝ իշխանափոխության իրենց նպատակը չի փոխվել՝ ոչ թե դադար են վերցրել, այլ ճիշտ մարտավարություն ընտրել: «Մենք զբաղված ենք բավական լուրջ կառուցվածքային խնդիրներով, շտաբներ ենք ձևավորելու և դրան զուգահեռ՝ մշակում ենք, թե ինչ ակցիաներ են լինելու»,- ասաց Ս. Մարգարյանը:
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին էլ նշեց, որ հանդիպման մասին պաշտոնական հաղորդում չի եղել, ինքը չի կարող հերքել կամ հաստատել դա:
Ավելին՝ տեսանյութում:









































