Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի նոր օդանավակայանի բացումը կարող է հետաձգվել առնվազն մինչև 2014 թ.: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:
Ի սկզբանե օդանավակայանի բացումը հետաձգվել էր մինչև 2013 թ. հոկտեմբեր, սակայն ավելի ուշ հակահրդեհային համակարգերի հետ կապված խնդիրները և այլ բարդություններ հանգեցրել են հավելյալ հետաձգման: Գործակալության աղբյուրը չի նշել օդանավակայանի բացման հստակ ժամկետը:
Բեռլինի նոր օդանավակայանը նախատեսված է տարեկան մինչև 27 միլիոն ուղևորների փոխադրման համար:
Օդանավակայնի բացման հետաձգումը բացասական կերպով է անդրադառնում Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթի հեղինակության վրա: Ընդդիմությունը քննադատում է նրան նոր հետաձգման և դրա մասին անժամանակ տեղեկացնելու պատճառով: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թ. դեկտեմբերին Վովերայթն իմացել է, որ օդանավակայանի բացումը հետաձգվելու է, սակայն չի ասել այդ մասին:
Ներկայումս Գերմանիայի մայրաքաղաքին սպասարկում են երկու ուղևորատար օդանավակայաններ՝ «Բեռլին-Թիգելը» և «Բեռլին-Շենեֆելդը»: Նախատեսվում է, որ նոր օդանավակայանի շահագործումից հետո վերոնշյալ երկուսը կփակվեն:










































