Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ թիմին անհրաժեշտ է լավ խաղալ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիպումներում:
Հիշեցնենք, որ արգենտինացիները գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ալեխանդրո Սաբելյայի սաները 9 հանդիպումներում 20 միավոր են վաստակել: Երկրորդ տեղը զբաղեցնող Էկվադորի ազգային թիմը վաստակել է 17 միավոր:
«Մեզ համար կարևորն այն է, որ կարողանանք նվաճել մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիրը որքան հնարավոր է շուտ: Առաջիկա 2 խաղերը շատ կարևոր են: Եթե մենք անհաջող անցկացնենք դրանք, ապա մրցակիցն անմիջապես կհասնի մեզ: 2012 թվականն ընդհանուր առմամբ հաջող էր մեր հավաքականի համար: Մենք էլ ավելի արդյունավետ ենք գործում խաղադաշտում»,- Ագուերոյին մեջբերում են արգենտինական լրատվամիջոցները:







































