Երեկ ընդդիմության առաջնորդ Ալասանա Ուատտարայի կողմնակիցները կարողացել են նշանակալի հաղթանակ տանել իշխանությունը զավթած Լորան Գբագբոյի նկատմամբ: Ընդդիմության ներկայացուցիչներին հաջողվել է գրավել երկրի մայրաքաղաք Յամուսուքրոն:
Ըստ Associated Press գործակալության` ընդդիմադիր ուժերը քաղաքը գրավել են առանց լուրջ դիմադրության, քանի որ մինչև նրանց` այստեղ հասնելը կառավարական ուժերը լքել էին մայրաքաղաքը և շարժվել դեպի մայրաքաղաքից 230 կմ հեռավորության վրա գտնվող տնտեսական մայրաքաղաք Աբիջան, որն ամենակարևոր քաղաքն է Կոտ դ’Իվաուրում:
Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին Կոտ դ’Իվուարում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որից հետո երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին: Միջազգային կազմակերպությունները, շատ երկրներ` Աֆրիկայում և Արևմուտքում, լեգիտիմ ընտրված նախագահ ճանաչեցին ընդդիմադիր Ուատտարային, սակայն Գբագբոն հրաժարվեց թողնել իր պաշտոնը, իսկ երկիրը մտավ անկայունության երկարատև փուլ:









































