Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտ տեղակայված «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանը, որը պետք է նախազգուշացնի հրթիռային հարձակումը, կարող է փոխարինել ադրբեջանական Գաբալայում տեղակայված կայանին: Նման հայտարարություն է արել ՌՏԻ ընկերության գլխավոր տնօրեն, հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի գլխավոր գծագրող Սերգեյ Բոևը: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Նրա խոսքով՝ Արմավիրի ՌՏԿ-ն ունակ է ամբողջ ծավալով փոխհատուցել Գաբալայի ՌՏԿ-ի տեղեկատվական կորուստը: Այդ համալիրի գործարկմամբ կապահովվի հարավային և հարավարևելյան հրթիռավտանգ ուղղություններով հանձնարարությունների հուսալի կատարումը:
Բոևի խոսքով՝ իրենք պետք է 2013-ի առաջին եռամսյակից ոչ ուշ ավարտեն պետական փորձարկումներն ու գործարկեն Արմավիրի համալիրը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2013-ին նոր ռադիոտեղորոշիչ կայանների շինարարությունը կսկսվի Ենիսեյսկում և Բարնաուլում:










































