ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կտրականապես հերքել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների և Թեհրանի հետ այլ խնդիրների շուրջ գործընկերություն ձևավորելու փորձերի միջև կապը։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը հաղորդել էր, որ նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմենեիին, որում մատնանշել է երկու երկրների շահերի ընդհանրությունը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Միաժամանակ, պարբերականի տվյալներով, նամակում միջուկային խնդիրների հարցերում համաձայնությունների որոնման կոչ է արվում։
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն նոյեմբերի 25-ից ոչ ուշ՝ որևէ համաձայնագրի ձեռք բերմամբ։
Ջոն Քերին գտնվում է Պեկինում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական միության վեհաժողովում։










































