Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մերժել է Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեի առաջարկները՝ Անկարայի հետ բանակցությունների վերսկսման մասին։
Բանակցությունները դադարել էին այն բանից հետո, երբ թուրքական գիտահետազոտական նավը ռազմական նավերի ուղեկցությամբ օգտակար հանածոների սեյսմահետախուզություն էր սկսել բացառիկ տնտեսական գոտում ու Կիպրոսի ծանծաղուտում։
Թուրքիան հայտարարում է, թե հետախուզություն է կատարում աշխարհի շատ երկրների կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ համաձայնեցված։
Էյդեի առաջարկը նախատեսում է երկհամայնքային խմբի ստեղծում, որը մանրակրկտորեն կդիտարկի կիպրական խնդրի լուծումից հետո ածխաջրածինների հանքավայից ստացված եկամուտների բաժանումը։ Նախագահ Անաստասիադիսը մերժել է առաջարկը՝ այդ մասին տեղյակ պահելով կուսակցական առաջնորդներին ու Հունաստանի վարչապետ Սամարասին՝ վերջինիս Կիպրոս կատարած այցի ընթացքում»,- հաղորդում է newsit.com.cy կայքը։ Պորտալի տվյալներով՝ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ևս մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի առաջարկը։
Թուրք կիպրոսցիների առաջնորդ Դերվիշ Էրօղլուն առաջարկում է ստեղծել ածխաջրածինների հարցերի ընդհանուր հանձնախումբ, սակայն Էյդեի գաղափարները նա նույնպես բնութագրել է որպես չբավարարող՝ գրում է պարբերականը։









































