AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2014» երիտասարդական խորհրդաժողովը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2014» խորհրդաժողովի հիմնադիր Ջուլիետա Բեգլարյանը, այս յուրահատուկ երիտասարդական մոդելավորման ծրագիրն իրենից ներկայացնում է Եվրախորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «ԵՄ միասնական արտաքին և անվտանգության քաղաքականությունն ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո», որը երիտասարդներին ներգրավելու է Եվրամիության որոշումների իրական կայացմանը նմանակող գործընթացի մեջ:
«Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները ստանձնելու են Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը»,- նշեց Բեգլարյանը:
Խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, «Հայաստանը Եվրոպայում» համահայկական երիտասարդական շարժման ղեկավար, Եվրոպայի խորհրդի Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչ Մարինե Մանուչարյանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքերով:
Տրայան Հրիսթեան ասաց, որ ԱլԳ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ հետաքրքիր է քննարկել, թե երիտասարդությունը ինչպիսին է տեսնում ԱլԳ ծրագրի հետագա ուղին: Նա հաջողություն մաղթեց խորհրդաժողովի աշխատանքներին:
Ելույթներով հանդես եկան ներկա բոլոր բանախոսները, և մեկնարկեց հարցուպատասխան, որը բավականին հագեցած էր սուր հարցերով: Երիտասարդ ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչու է ԵՄ-ն վախենում Վլադիմիր Պուտինից, ինչու է Հայաստանը Ռուսաստանին դիտարկում որպես իր անվտանգության երաշխավոր, ինչ խնդիր է լուծում «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդհանրապես և ինչու Եվրոպան չի կարողանում պաշտպանել Ուկրաինային, Հայաստանին:
Ազգությամբ ռուս երիտասարդ քաղաքագետ, ուսանողուհի Ելենա Կուզնեցովան ասաց, որ նման միջոցառումներն արդյունավետ են երիտասարդների համար, քանի որ հնարավորություն են ընձեռում կարծիքներ փոխանակել և զարգացնել բանակցային կարողությունները:











































