Սիրիայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ նախագահ Բաշար Ասադի նախաձեռնությունները արձագանք չեն գտել ո´չ Արևմուտքի, ո´չ ընդդիմության կողմից: Ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ասադի առաջարկները չեն ստեղծում երկխոսության համար պայմաններ, այլ ոչնչացնում են դրանք:
Ընդդիմադիրներն ընդգծել են, որ չեն պատրաստվում ընդունել նախագահի առաջարկները: «Ասադի առաջարկը խոսում է այն մասին, որ նա ցանկանում է փակել հակամարտության քաղաքական լուծման ճանապարհը, որին կարելի էր հասնել Բրահիմիի մասնակցությամբ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա բանակցություններին»,- ասել է Ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Վալիդ Բանին և նշել, որ իրենք համաձայն չեն Ասադի ռեժիմի պահպանման տարբերակին:
Ասադին քննադատել են նաև Եվրոպայում: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը ժողորդին ուղղված Ասադի պլանն անվանել է «դատարկ խոստումներ»,- փոխանցում է Reuters գործակալությունը:
Սիրիացի առաջնորդի ելույթը մեկնաբանել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը. «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք, նրա ելույթում ինչ-որ նոր բան կա, սակայն մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Ասադը պետք է թողնի պաշտոնն ու իշխանությունը փոխանցի նոր կառավարությանը»:
Ավելի վաղ Գերմանիայի արտագործնախարար Գվիդո Վեստերվելլեն պահանջել է Ասադից լքել պաշտոնը:
Դամասկոսում երեկ սիրիացի ժողովրդին ուղղված իր ելույթում Ասադը մեղադրել էր օտարերկրյա պետություններին սիրիական համակարտությանը միջամտելու մեջ: Ասադն ասել էր, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են լսել խորհուրդներ արտասահմանից, սակայն չեն կատարի Արևմուտքի երկրների հրամանները:










































