Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպես արդեն Առաջին լրատվականը գրել է՝ որոշ շրջանակներում Հարություն Սարգսյանի ընտրությունը մեկնաբանվում է նրանով, որ վերջինս համարվում է Վայոց ձորում հայտնի ՀՀԿ-ական, գործարար պատգամավոր Աշոտ Արսենյանի հովանավորյալը, ինչպիսին և Էդգար Ղազարյանն էր, որը, սակայն, «զոհ» դարձավ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խնամիական կապերին: Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո այդպես էլ չէր կարողանում ներել Ղազարյանին իր խնամուն վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ Եղեգնաձորի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Էդգար Ղազարյանը, հորդորելով ընտրել ՀՀԿ-ական թեկնածուին, ասել էր․ «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու։ Փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-ով կընկնեն հետևից կգան, դեմը կկանգնեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»։ Ծառուկյանն էլ հակադարձել էր ՀՀԿ-ական մարզպետի դիտարկմանը, թե «… ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել։ Այս ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է՝ ծիրանի ցոգոլ»։
Եվ չնայած Էդգար Ղազարյանը համարվում է Սերժ Սարգսյանի կադրը ու Աշոտ Արսենյանի հովանավորյալը, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանին հաջողվեց հասնել իր ուզածին: Հարություն Սարգսյանին, սակայն, Հովիկ Աբրահամյանը չի ընտրել: Այս ընտրությունը ևս Սերժ Սարգսյանինն է՝ Արսենյանի միջնորդությամբ:











































