Արքայազն Չարլզը դիմել է կրոնական առաջնորդներին՝ խնդրելով իրենց հետևորդներին կոչ անել հարգել այլ կրոնների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Քննարկելով իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ բրիտանացի արքայազնը այնտեղ կատարվող իրադարձություններն անվանել է «աննկարագրելի ողբերգություն»: Նա հիշեցրել է, որ այդ տարածաշրջանում մարդիկ դարեր շարունակ խաղաղ են ապրել, սակայն ներկայիս պատերազմը սպառնում է քրիստոնեությանը:
«Կարծում եմ՝ կրոնական առաջնորդները պատասխանատու են, որ իրենց հետևորդները հարգեն այլ կրոնական ավանդույթների ներկայացուցիչներին: Մենք դեռ պետք է տեսնենք միասին աշխատող կրոնական համայնքների ամբողջ ներուժը»,- նշել է Չարլզը երեքշաբթի օրը տարածած տեսաուղերձում:
Նա հիշեցրել է, որ ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպանում են և տներից վտարում տարբեր կրոնների ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ իրենց սեփական:
Արքայազն Չարլզը նշել է, որ ինքը կցանկանար կրել ոչ թե «քրիստոնեական հավատի պաշտպանի»՝ ինչպես անվանում են բոլոր անգլիական թագավորներին Հենրիխ VIII-ից հետո, այլ ընդհանրապես հավատի պաշտպանի կոչում:










































