Վրաստանում երեկ փլուզվել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, որը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ձևավորել էր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, և որը այդ ընտրություններում հաղթել էր գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությանը: Երեկ, սակայն, Բիձինա Իվանիշվիլիի կազմավորած դաշինքը փլուզվել է Վրաստանում սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամի արդյունքում և ըստ էության` ճգնաժամը հասցրել գագաթնակետին:
Խնդիրն այն է, որ իշխող կոալիցիան ուներ 85 մանդատ 150-ից, ինչը նրան թույլ էր տալիս որևէ խնդիր չունենալ խորհրդարանում: Սակայն այսօր արդեն կոալիցիայից դուրս է եկել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արել Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից:
Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Ալասանիան երկրի գլխավոր դատախազությանը մեղադրել է պաշտպանության նախարարությունը կոռուպցիայի քննության պատրվակով հանուն ռուսական շահերի թուլացնելու մեջ, ինչին հետևել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի որոշումը Ալասանիային պաշտոնանկ անելու մասին: Ալասանիայից հետո հրաժարական են տվել նրա զինակիցներ Եվրաինտեգրացիայի հարցերով պետնախարարն ու արտգործնախարարը, իսկ ավելի ուշ Ալասանիայի կուսակցությունը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու որոշման մասին:
Այսպիսով, վրացական պառլամենտում մեծամասնություն, ըստ էության, չկա, քանի որ «Վրացական երազանքը» կորցնելով տասը տեղ, ունի ընդամենը 75 մանդատ, ինչը մեկով պակաս է պարզ մեծամասնությունից: Սա նշանակում է, որ իշխանությունները կարող են խնդիրներ ունենալ, եթե որևէ անկախ պատգամավոր կամ Սաակաշվիլիի կուսակցությունից որևէ մեկը չաջակցի կոալիցիային: Այս իրավիճակը կարող է հանգեցնել Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության:
Ներկայումս, ըստ էության, արձանագրվում է այն, որ Վրաստանի իշխանական մեծամասնությունից դուրս է եկել երկրի եվրաինտեգրացիայի հարցում սկզբունքային դիրքորոշում ունեցող քաղաքական ուժը, և այստեղ Վրաստանը կանգնում է երկու իրողությունների առաջ: Կա՛մ առանց այդ ուժի Վրաստանի իշխանությունները կսկսեն հետևողականորեն տրվել Ռուսաստանին, և Մոսկվային կհաջողվի Թբիլիսիում վերջապես հաստատել իր իշխանությունը, կա՛մ Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը կխորանա, և կձևավորվի եվրաինտեգրացիայի կողմնակից ուժերի նոր դաշինք, որն էլ արտահերթ ընտրությունների միջոցով կվերցնի իշխանությունը խորհրդարանում և երկրում:
Եթե փորձենք այս զարգացումները դիտարկել Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա Ռուսաստանի կցորդի վերածվող Հայաստանի պարագայում շատ կարևոր է, որ գոնե Վրաստանը պահպանի իր եվրոպական ուղին, որպեսզի գոնե այդ միջոցով տարածաշրջանում հավասարակշռություն ապահովվի, ինչը Ռուսաստանին կզրկի միանձնյա գործողությունների հնարավորությունից: Բանն այն է, որ այդ գործողությունները սովորաբար ավարտվում են Թուրքիայի հետ Հայաստանի հաշվին կնքվող գործարքներով: Եվ ինչքան էլ տարօրինակ չհնչի, այս հարցում Հայաստանի համար, այսպես ասած, կարևոր հույսերից մեկը Վրաստանի եվրաինտեգրացիայի հարթության մեջ մնալն է:
Ահա այս իմաստով մեզ համար ցանկալի է, որ Վրաստանում իրադրությանը տիրապետեն այդ ուղղության կողմնակից ուժերը, քանի որ սրանով նաև Հայաստանը այսպես, թե այնպես իր անմիջական հարևանությամբ ունենում է Եվրոպա, ինչը Հայաստանի համար քաղաքակիրթ աշխարհում մեր հնարավորությունների վերականգնման վերջին հույսերից մեկն է, որը բոլորովին ցանկալի չէ կորցնել:










































