Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Դամասկոսում ելույթ կունենա, որի ընթացքում, ինչպես սպասվում է, առաջ կքաշի ներքին ճգնաժամի խաղաղ կարգավորման նախաձեռնություն: Այս մասին հայտնում է «ՍԱՆԱ» գործակալությունը և հավելում, որ պետության ղեկավարն իր ելույթում կանդրադառնա Սիրիայում և Մերձավոր Արևելքում իրադարձությունների վերջին զարգացումներին:
Լիբանանյան «Ալ-Ահբար» թերթի վկայություններով՝ նախագահը կուրվագծի մի ծրագիր, որը նախատեսում է «կրակի դադարեցում», որի պահպանմանը կհետևեն ՄԱԿ-ի դիտորդները: Ասադը կհամաձայնի հանձնաժողովի ձևավորման հարցի շուրջ, որը կզբաղվի նոր սահմանադրության մշակմամբ և ազգային միասնության կառավարության ստեղծման շուրջ. այն կապահովի ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ միջազգային վերահսկողության ներքո:
Սիրիացի առաջնորդը մտադիր չէ լքել իր պաշտոնը և պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2014-ի նախագահական ընտրություններում:
Արևմուտքի, Թուրքիայի և արաբական նավթային միապետությունների աջակցությունը վայելող սիրիացի ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Ասադի հրաժարականը համարում է ցանկացած քաղաքական գործարքի նախապայման:
Իսկ Դամասկոսում լեգալ գործող ներքին ընդդիմության առաջնորդները պատրաստ են փոխզիջման՝ հանուն արյունահեղության շուտափույթ դադարեցման:
Այս շաբաթ ՄԱԿ-ը նոր զեկույց է տարածել հակամարտության զոհերի մասին: Համաձայն այդ զեկույցի՝ 2011 թվականի մարտի 15-ից 2012-ի նոյեմբերի 30-ն արաբական երկրում զոհվել է 59648 մարդ: Ավելի քան 5 մլն բնակիչ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի: Ավելի քան 540 հազար մարդ բռնությունից թաքնվում է հարևան երկրների՝ Լիբանանի, Հորդանանի , Թուրքիայի և հյուսիսային Աֆրիկայի տարածքում:







































