Հավանության է արժանացել Հարություն Սարգսյանի թեկնածությունը, որպես Վայոց Ձորի մարզպետ, իսկ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին կիմանաք վաղը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նիստի բովանդակությանը:
Նա տեղեկացրեց, որ քննարկվել է կուսակցության տարածքային կառույցների օղակների աշխատանքը, ՏԻՄ ընտրությունների հետ կապված և այլ հարցեր: Աշոտյանը նաև նշեց, որ քննարկվել է ներքաղաքական ընթացիկ իրավիճակը է, և այս հարցի հետ կապված վերահաստատվել է՝ տանել քաղաքական կյանքը որակական նոր մակարդակի: «Օրակարգում եղել են քննարկումներ՝ կապված կառավարության և տարածքային կառավարման մարմինների հետ, հավանության է արժանացել Հարություն Սարգսյանի թեկնածությունը, որպես Վայոց Ձորի մարզպետ: Մենք քննարկել ենք կառավարության ներսում կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, վաղը կտեղեկանաք նիստի օրակարգից: Մեկ օր կկարողանաք համբերել»,- ասաց Աշոտյանը: Վերջինս չհստակեցրեց, թե ով է փոխվարչապետի թեկնածուն:
Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք Եռյակի գործունեությունը, նա պատասխանեց, որ Եռյակը ՀՀ ներքաղաքական ներկապնակի միայն մեկ մասն է:
Ինչ վերաբերում է թեժ աշնանը, Աշոտյանն ասաց, որ Հայաստանի կլիմայական պայմանների վրա ազդում է միայն ՀՀԿ-ն:









































