Forbes ամերիկյան ամսագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աշխարհի ամենաազդեցիկ մարդն է ճանաչել: Ցուցակը տեղադրված է պարբերականի կայքում:
Ռուսաստանի առաջնորդին, ով գլխավորում է վարկանիշային աղյուսակը երկրորդ տարին անընդմեջ, հետևում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Երրորդ տեղում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն է, 4-րդում և 5-րդում`Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համապատասխանաբար: 6-րդ հորիզոնականում հայտնվել է ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենը, 7-ում` Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: 8-րդ տեղում է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, 9-րդում` Google-ի համահիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը: Առաջատարների տասնյակը եզրափակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Նշվում է, որ այս տարի Պուտինը «բռնակցել է Ղրիմը, անուղղակի պատերազմ կազմակերպել Ուկրաինայում, ինչպես նաև Չինաստանի հետ ավելի քան 70 մլրդ դոլար արժողությամբ գազատարի կառուցման մասին պայմանագիր ստորագրել»:











































