Վրաստանը կշարունակի եվրաատլանտյան ինտեգրման կուրսը՝ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ արձագանքելով պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի խոսքերին՝ վրացական իշխանությունների ռուսամետ քաղաքականության մասին:
Արևմտամետ կուսակցությունների համախմբման վերաբերյալ Ալասանիայի կոչին արձագանքել են «Միացյալ ազգային շարժումն» ու հանրապետականները՝ գրում է kavkaz-uzel.ru-ն:
Ինչպես հայտարարել է Ղարիբաշվիլին, Ալասանիան պաշտոնանկ է արվել ՊՆ-ում կոռուցպիոն գործի հետաքննությունը քաղաքականացնելու փորձի, ինչպես նաև գերատեսչությունում գնումների ոլորտում թույլատրված խախտումների համար: Ալասանիան իր հերթին հայտարարել է երկրում քաղաքական ճգնաժամի մասին և կոչ արել Վրաստանի արևմտամետ ուժերին միավորվել՝ դիմակայելու կառավարությունում ռուսամետ ուժերին:
«Եվրաինտեգրումը ոչ միայն մեր կառավարության, այլև ժողովրդի ընտրությունն է, և այդ գործընթացն անշրջելի է: Վրաստանի կառավարության ընտրած արտաքին քաղաքական կուրսը, որը նախատեսում է եվրաատլանտյան ինտեգրում, կախված չէ և կախված չի լինի մեկ նախարարի դիրքորոշումից: Դա բացարձակ անպատասխանատու հայտարարություն է»,- ասել է վարչապետը ճեպազրույցում՝ մեկնաբանլով Ալասանիայի խոսքերն այն մասին, թե վարչապետը հրաժարվում է եվրոպական կուրսից: Նա անպատասխանատու է համարել հայտարարությունն այն մասին, թե հարձակում է իրականացվում երկրի եվրաատլանտյան ընտրության վրա:










































