«Շատ եմ դրսում եղել, անընդհատ արտերկրում եմ լինում` գիտամանկավարժական գործունեություն եմ իրականացնում տարբեր երկրներում, այդ պատճառով էլ շատ եմ բացակայել: Դա էր պատճառը, որ ինձ մերժեցին, բայց ես դա ընդունել եմ որպես ի գիտություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած, ապա այդ հնարավորությունից զրկված Մարտիկ Սարգսյանը.
«Մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ես արտերկրում կատարել եմ Սերժ Սարգսյանի հանձնարարությունները, սուտ է, ինչ-որ թյուրիմացություն է: Ես Սերժ Սարգսյանի հանձնարարությունը կատարել եմ միայն պատերազմի ժամանակ, երբ ես մի փոքր գումարտակի շտաբի պետ էի, իսկ նա` հրամանատար»,- ասաց Մ. Սարգսյանը:
Մարտիկ Սարգսյանը թեև նշեց, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը մերժելն արդարացի էր, բայց, այնուամենայնիվ, ասաց, որ կարելի էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել. «Միանշանակ արդարացի էր նման որոշումը, Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշակի դրույթներով այն լիովին հիմնավորված է: Ես, իհարկե, կուզեի շարունակել պայքարը, բայց ի՞նչ կարող եմ անել: Ուղղակի գտնում եմ, որ և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ Սահմանադրության համապատասխան հոդվածները որոշակի կատարելագործման պետք է ենթարկվեն՝ շատ անկատար են ու թերի: Այսինքն` այն մարդկանց բացակայությունը, ովքեր երկրից մեկնում են գիտամանկավարժական գործունեություն ծավալելու, պետք է նրանց բացակայությունը հարգելի համարվի: Իսկ նրանք, ովքեր բիզնեսի ու փող աշխատելու համար են գնում՝ ոչ»:
Մարտիկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Ես սատարելու եմ իմ մարտական ընկերոջը, հրամանատարին` Սերժ Ազատի Սարգսյանին: Իմ և իմ ընկերների ձայնը նրան է պատկանում: Մենք արյամբ ենք այդ ձայնը ձեռք բերել, և ես տեսել եմ նրա մարտական նվիրվածությունը հայրենիքին, ես իր զինվորն եմ եղել: Այստեղ արդեն խոսում է իմ արյան կանչը, իմ արյան նվիրվածությունը հայրենիքի հրամանատարին»:
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ էր որոշել առաջադրել իր թեկնածությունը, եթե Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ոչինչ չունի, Մ. Սարգսյանն ասաց. «Ես որոշել էի լրացնել այն ազգայնական բացը, որ կա մեր քաղաքականության մեջ: Դա ավելի հայեցի կդարձներ մեր երկիրը, մեր քաղաքականությունը և մեր պետությունը:
Մեր պետությունն ունի կատարելագործման անհրաժեշտություն»:
Մարտիկ Սարգսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը կարող էր այդ ամենն անել, բայց ինքը նոր քաղաքականության մշակույթ և ուղղվածություն էր բերում. «Ինչպես ասենք` Պարույր Հայրիկյանը բերեց անկախության գաղափարը և տարավ մինչև վերջ, այդպես էլ ես, որպես ազատամարտիկ, պարտավոր էի այդ գիծը պահել»:











































