Մարիո Մոնտին, որը դեկտեմբերի 21-ին հրաժարական էր տվել Իտալիայի վարչապետի պաշտոնից, այնուհետև հայտարարել կենտրոնամետ կոալիցիան գլխավորելու մտադրության մասին, երեկ երեկոյան լրագրողներին է ներկայացրել իր կարգախոսը, որով նրան աջակցող կուսակցությունները կգնան փետրվարի 24-25-ը կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Քաղաքացիական ընտրություն Մոնտի հետ Իտալիայի համար». ահա այսպիսին է նրա նախընտրական կարգախոսը, որը նա ներկայացրել է Հռոմի հյուրանոցներից մեկում հրավիրված մամլո ասուլիսին: Բացի սպիտակ ֆոնին շրջանաձև գրությունից, խորհրդանիշի վրա առկա են նաև Իտալիայի դրոշի գույները:
Մոնտիի խոսքով՝ հանրապետության Սենատի ընտրություններում ինքը կգլխավորի մեկ նախընտրական ցուցակ, իսկ խորհրդարանականների պալատի ընտրություններում՝ 3, որոնցից մեկը կազմված կլինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից՝ առանց խորհրդարանականների, իսկ մյուս երկուսը՝ «Կենտրոնի միություն» ու «Ապագա ու ազատություն Իտալիայի համար» կուսակցություններից:








































