Հյուսիսային Կորեան ծրագրում է ավելացնել զորակոչիկ տղամարդկանց զինվորական ծառայության ժամկետը և ավելի շատ կանանց հավաքագրել՝ գրում է The Korea Herald-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ տեղեկության՝ այդպիսով Հյուսիսային Կորեան պատրաստվում է լուծել զինվորների պակասի խնդիրը:
Աղբյուրների վկայությամբ՝ վերջերս Փխենյանը սկսել է արական սեռի զինվորներին առաջարկել առնվազն 1 տարով ավելի «ինքնակամ» ծառայել (ներկայումս Հյուսիսային Կորեայում զինվորական ծառայության ժամկետը 10 տարի է), բայց այդ մասին պաշտոնապես դեռ հայտարարված չէ:
Հյուսիսկորեական բանակում ծառայում է 1.19 մլն մարդ՝ ասվում է հոդվածում: Ըստ վերլուծաբանների՝ անձնակազմի ներկայիս պակասը բացատրվում է նրանով, որ 1990-ականների կեսերին Հյուսիսային Կորեայում մեծ թվով երեխաներ մահացել են զանգվածային սովից, և որ ավելի շատ քաղաքացիներ չեն ցանկանում բանակ գնալ՝ ծառայության երկար ժամկետի պատճառով:
Ենթադրվում է, որ կանայք Հյուսիսային Կորեայի բանակում ծառայում են առնվազն 7 տարի: Ներկայումս նրանք կազմում են բանակի անձնակազմի մոտ 22%-ը՝ նշում են աղբյուրները:






































