Ճապոնիայի կառավարությունը 11 տարվա մեջ առաջին անգամ կարող է մեծացնել պաշտպանության ծախսերը` այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Սինձո Աբեն խոստացել է վիճելի կղզիների պատճառով խիստ պատասխան տալ Չինաստանին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ճապոնական ԶԼՄ-ները:
Կառավարությունը նախատեսում է ծախսերը հասցնել 4.7 տրիլիոն իենի (53.4 միլիարդ դոլար): Հավելյալ գումարը ծախսվելու է ցամաքային, օդային և ծովային սարքավորումների մոդեռնիզացման, զինվորականների հաստիքների ավելացման վրա:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն արդեն մի քանի անգամ օդ է բարձրացրել F-15 կործանիչներ` Սենկակու կղզիների պատճառով առաջացած տարածքային հակամարտության կապակցությամբ: Աբեն բազմիցս հայտարարել է, որ «բանակցությունների սենյակ չկա» վիճելի կղզիների համար: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա նշել է, որ մտադիր է ավելացնել պաշտպանության ծախսերը` «Չինաստանի աճող ռազմական ազդեցությանը հակազդելու համար»:








































