Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը երեկ Երևանում կազմակերպված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը իր հայտարարություններով, ըստ էության, ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը գոնե այս պահին վայելում է եվրոպացիների աջակցությունը:
Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը բնական է համարել, որ ընդդիմությունը պետք է կասկածով վերաբերվի և քննադատի իշխանությունների նախաձեռնությունները, սակայն նա միևնույն ժամանակ նկատել է, որ ընդդիմությունն այսօր մերժում է այն, ինչը մի քանի տարի առաջ ինքն էր պահանջում իշխանություններից: Միևնույն ժամանակ նա Վրաստանի օրինակն է բերել` ասելով, որ այնտեղ էլ սահմանադրական փոփոխություններից առաջ ասվում էր, որ Սաակաշվիլին դրանք կատարում է իր վերարտադրության համար, սակայն հետո պարզվեց, որ այդպես չէ:
Իհարկե, ոչ մի խոսք չի կարող լինել Սերժ Սարգսյանի և Սաակաշվիլիի միջև համեմատությունների մասին, քանի որ ինչքան էլ նրանք սիրեն իշխանությունը, միևնույն է` Սաակաշվիլին, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, լրիվ այլ մտածողության և արժեքների տեր գործիչ է, սակայն այս ամենն, իհարկե, չէր կարող չիմանալ նաև Թոմաս Մարկերտը: Պարզապես նրա արտահայտություններն, ըստ էության, քաղաքական աջակցություն են, որ Եվրոպան այս փուլում տալիս է Սերժ Սարգսյանի նախաձեռնություններին: Մարկերտը ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի առաջ կանաչ լույսը վառված է այս փուլի համար, կամ կարող ենք ասել, որ եվրոպացիները վառել են դեղին լույսը, որովհետև այնուամենայնիվ Սերժ Սարգսյանն, իհարկե, միայն Վենետիկի հանձնաժողովի պաշտոնյաների ելույթներով ռիսկի չի դիմի և հավանաբար նա մինչև փետրվար-մարտ կձգտի ստանալ արտաքին ավելի ծանրակշիռ և հուսալի երաշխիքներ սահմանադրական փոփոխությունների համար:
Մյուս կողմից` սա ինչ-որ առումով նաև Եվրոպայի վերաբերմունքն է ոչ իշխանական ուժերին, ինչը կարելի է համարել, այսպես ասած, պատասխան վերաբերմունք` նկատի ունենալով այն, որ այդ ուժերը երկու հանրահավաք անընդմեջ իրենց խորին հավատարմությունն են հայտնել Եվրասիական միությանը` չհաշված «Ժառանգությանը», որն էլ պարզապես հայտնի չէ, թե ինչ է արտահայտել ընդհանրապես:







































