Բելառուսի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է ցանցահենների կողմից հաղորդագրությունների տարածման միջոցով քաղաքացիների շրջանում ապատեղեկատվություն տարածելու մասին:
Անվտանգության աշխատակիցները պարզել են, որ ցանցահենները կոտրելով МТС և Велком բջջային օպերատորների կայքերը՝ դրանց միջոցով քաղաքացիներին են ուղարկել ավելի քան 1000 հաղորդագրություն բելառուսական ռուբլու արժեզրկման վտանգի մասին: Հաղորդագրություններում ասված է եղել, որ 2013 թ. հունվարի 8-ից ԱՄՆ 1 դոլարը հավասար կլինի 14 340բելառուսական ռուբլու, իսկ 1 եվրոն` 18 116 բելառուսական ռուբլու:
Հաղորդագրության մեջ նշված է եղել Բելառուսի կենտրոնական բանկի հեռախոսահամարը: Պարզվել է, որ այն տարածվել է Հնդկաստանի տարածքից: Հատուկ ծառայության աշխատակիցները նշում են, որ հանցագործներն օտարերկրացիներ են, քանի որ նրանց գործողություններում առկա է անիրազեկվածություն: Հաղորդագրության մեջ նշվում է այնպիսի տարադրամ, որը Բելառուսում չի գործածվում:
Հունվարի 4-ի դրությամբ բելառուսական ռուբլու փոխարժեքն ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ կազմել է համապատասխանաբար՝ 11 230 և 8 630 բելառուսական ռուբլի: Կենտրոնական բանկում նշել են, որ հունվարի 8-ին բելառուսական ռուբլու նվազում չի լինի, հենց միայն այն պատճառով, որ նախորդ օրերը հանգստյան օրեր են, և այնտեղ ոչ մի գործարք չի իրականացվում:
Հանցագործների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ոչինչ չի ասվում այն մասին, թե արդյոք այդ հաղորդագրությունները որևէ արձագանք գտե՞լ են քաղաքացիների կողմից:








































