Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող երկաստիճան դատական համակարգին անցում կատարելու դրույթին:
«Դրանք առաջարկություններ են, և իմ կարծիքով՝ եթե մենք 1995 թվականից ստեղծել ենք եռաստիճան դատական համակարգ, 20 տարի գործում ենք այդ համակարգով, ու համակարգի գործունեության մեջ որևէ բացասական էլեմենտ ես չեմ տեսնում, ապա անհրաժեշտություն չկա եռաստիճանից երկաստիճան դատական համակարգի անցնել»,- ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ասաց Խունդկարյանը: Վերջինիս խոսքով՝ քննարկումների ժամանակ իրենք ներկայացրել են իրենց տեսակետը և դեռ քննարկումներ կլինեն այս հարցի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է նույն հայեցակարգով առաջարկվող երդվյալ ատենակալների ինստիտուտին, ապա Խունդկարյանի խոսքով՝ մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ այս՝ ատենակալների ինստիտուտն անհրաժեշտ է:








































