Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում եռյակի հրավիրած հանրահավաքը, պարզվում է, առանց միջադեպերի չի անցել: Հանրահավաքին հաջորդած բազմամարդ երթի ժամանակ՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և քաղաքացու՝ ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել է՝ պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք եղել է: Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ դեպքը եղել է հոկտեմբերի 24-ին: Ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ Հրապարակ-Ամիրյան փողոցների հատման մասում քաղաքացի Աճեմյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ: Փաստի առիթով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք հետագայում փոխանցվել են քննչական կոմիտե: Որից հետո քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 316 հոդվածի հատկանիշներով: Ապա հոկտեմբերի 27-ին Աճեմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել կալանքը:
«Ըստ գործի նյութերի՝ պարզվել է, որ քաղաքացու և ոստիկանի միջև ընդհարում է տեղի ունեցել: Ոստիկանը փորձել է կարգի հրավիրել առավել ակտիվություն ցուցաբերած քաղաքացուն, ինչին ի պատասխան՝ քաղաքացին բռունցքով հարվածել է ոստիկանի աչքի շրջանում»,- փոխանցեց Տռուզյանը:
Նա նաև ավելացրեց, որ նախաքննության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում այդ տարածքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները ձեռք բերելու ուղղությամբ: Իսկ մեկ տեսագրությունն արդեն իսկ ձեռք է բերվել և զննվել է:
«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ, գնդապետ Խաչիկ Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անձնապես չի ճանաչում Մարտիրոս Աճեմյանին, բայց միջադեպի մասին լսել է: Լսել է, որ այդ ոստիկանը երթի ժամանակ քաղաքացիական հագուստով է եղել և կարգը չի հսկել: «Ես լսել եմ, որ նա քաղաքացիական հագուստով՝ բոլորի հետ երթով քայլել է: Ընթացքում հետևից հարվածել է Մարտիրոսի ոտքին, ինչից էլ վիճաբանություն է սկսվել»,-ասաց Ավետիսյանը:
Դաշինքի մեկ այլ անդամ՝ ազատամարտիկ Լեռնիկ Մաղաքյանն էլ լսել է, որ վիճաբանությանը մասնակցել են և քաղաքացիական հագուստով, և համազգեստով ոստիկաններ, իսկ վեճը ծագել է նրանից, որ ոստիկանները հրելով ու քաշելով ազատամարտիկին՝ երթի մեջ են մտցրել, թույլ չեն տվել փողոց դուրս գալ. «Որ ոստիկանները նման պահերին կոպիտ են վարվում՝ փաստ է, բայց այլ բան չգիտեմ: Մենք դաշինքով երթին չենք մասնակցել, դրա համար չեմ կարող առավել մանրամասն ասել, թե ինչ է տեղի ունեցել»:
Ի դեպ, ազատամարտիկների խոսքով՝ Մարտիրոս Աճեմյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր դուրս եկել բանտից: Նա սպանության մեղադրանքով 15 տարով ազատազրկված է եղել:










































