Մի շարք ֆրանսիացի քաղաքական և մշակույթի գործիչներ գտնում են, որ հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի՝ Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու ցանկությունն արտացոլում է այդ երկրում տնտեսական գործընթացները, ինչպես նաև համընկնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի դրական կերպարի ստեղծման ցանկության հետ:
Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Դեպարդյեին ՌԴ-ի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Մինչ այդ դերասանը հայտարարել էր, որ մտադիր է հրաժարվել ֆրանսիական անձնագրից նախագահ Ֆրանսուա Օլանդի հարկային նոր բարեփոխումների պատճառով, ով փորձում էր տարեկան մեկ միլիոնից ավելի եկամտի դեպքում հարկել 75%-ը: Դերասանը չի մտափոխվել նույնիսկ այն ժամանակ, երբ Սահմանադրական խորհուրդը մերժել է հարկերի մասին այդ օրինագիծը:
«Ուրիշ երկրներն ավելի են ողջունում նրանց, ովքեր հանրային բարիքներ և աշխատատեղեր են ստեղծում»,- ՆԳՆ-ի նախկին ղեկավար Կլոդ Գեանի խոսքերն է մեջբերում France Press գործակալությունը: «Ժերար Դեպարդյեի նման տաղանդավոր դերասանի պահվածքը վկայում է այն մասին, որ Ֆրանսիայում ինչ-որ սխալ բան է տեղի ունենում»,- գտնում է քաղաքական գործիչը:
Իր հերթին, Շրջակա միջավայրի հարցերով նախկին նախարար Շանտալ Ժուաննոն գտնում է, որ Պուտինի հրամանը Ռուսաստանի կերպարի ստեղծման ուժեղ քաղաքական քայլ է, որի օգնությամբ Ռուսաստանը ներկայացվում է ներգաղթի համար հարմար երկիր:









































