Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա, որտեղ կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Գերմանիայի կառավարությունը: Հունաստանի վարչապետի մամլո ծառայությունում հայտնել են, որ Սամարասն, իրոք, կմեկնի Բեռլին, սակայն նշել են, որ դա դեռ ոչ պաշտոնական տեղեկատվություն է:
Ինչպես ենթադրվում է, Սամարասը կմասնակցի Welt պարբերականի կողմից կազմակերպված տնտեսական կոնֆերանսին, ինչպես նաև ոչ պաշտոնական միջավայրում կհանդիպի գերմանական կառավարության ղեկավարի հետ: Կքննարկվեն վարկերի դիմաց բարեփոխումների իրականացման ծրագրերը: ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից Հունաստանին տրամադրված օգնության հարցում Գերմանիան գլխավոր դեր է կատարում, իսկ Մերկելին համարում են եվրոգոտում ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ռազմավարության «գլխավոր ճարտարապետը»:











































