Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպական Միության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի` COEST-ի (Համագործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները և ԵՄ երկու տասնյակից ավել անդամ պետությունների դիվանագետները:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Կարեն Նազարյանի կողմից անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության և 2015թ. Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված հարցերին:
COEST-ի պատվիրակության համակարգող Պետերի Վուորիմյակին իր հերթին ընդգծել է, որ ԵՄ-ը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը` նկատելով, որ պատվիրակության անդամների տպավորիչ քանակը լավագույնս վկայում է Հայաստանի հանդեպ ԵՄ կողմից տածած հետաքրքրության մասին:








































