ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը Նաիրա Զոհրաբյանը Շավարշ Քոչարյանին ասաց, որ ԵՄ իրենց գործընկերները ուզում են իմանալ մեկ պատասխան՝ ո՞րն է այն կարմիր գիծը, որից հետո չենք կարող խորացնել ԵՄ-Հայաստան հարաբերությունը, քանի որ դրանք կհակասեն ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորություններին. «Ունե՞նք հստակ այն ոլորտները, որտեղ մենք չենք կարող ԵՄ-ի հետ խորացնել մեր հարաբերությունները, որը նախկինում մեր օրակարգում կար»:
Շավարշ Քոչարյանը չթաքցրեց, որ սա ամենակարևոր հարցերից մեկն է, որի պատճառով ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձևաչափը դեռ չի ձևավորվել: Դրա պատասխանը նոր կարող է տրվել, քանի որ հիմա ամբողջ փաստաթղթային մասը կա՝ 1500 էջ, և արդեն մասնագետները կարող են ուսումնասիրել այն և հստակ նշել այն շրջանակը, որտեղ Հայաստանը, իր պարտավորություններից ելնելով, այս գծից ավելի չի կարող խորացնել:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ եվրոպական մեր գործընկերները մեզնից ակնկալում են տեսնել այն շրջանակը, որտեղ իրենք ազատ են, և որը հնարավորություն կտա համագործակցության շրջանակը հստակեցնել:








































