«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը 2013 թ. ակնկալում է, որ մեծ տեմպով կսկսվի Արաքսի ՀԷԿ-ի շինարարությունը, էներգետիկ ոլորտում համակարգային բարեփոխումներ կիրականացվեն, կբարձրացվի արդյունավետությունը ղեկավարման համակարգում, գազի գնի հետ կապված՝ հստակ որոշակիություն կմտցվի, և կմշակվի ռազմավարությունը, որը կնախանշի այն քայլերը, որոնք ՀՀ-ն վաղ թե ուշ պետք է իրականացնի գազի միջազգային գներին անցնելու համար:
«Այս իրավիճակում հստակություն է պետք: ՀՀ-ն պետք է պատկերացնի, թե իր էներգետիկ համակարգի հետ ինչ կլինի, և ընդհանրապես ինչ կլինի արդյունաբերության հետ գազի տարբեր գների սցենարների պարագայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ա. Մարջանյանը:
Ըստ նրա՝ ապագայի ամենալուրջ խնդիրներից է՝ հայկական էներգետիկ համակարգում գտնել գազի, միջուկային վառելիքի և հիդրոէներգետիկայի միջև ճիշտ հարաբերակցություն: Սա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ տեխնիկական խնդիր է: Ա. Մարջանյանի կարծիքով՝ առաջիկա ամիսներին և միգուցե տարվա ընթացքում պետք է կոնցեպցիա մշակվի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի էներգետիկ ամբողջ համակարգի բաղադրությունը՝ ըստ նշված բաղադրիչների:
«Երկրորդ խնդիրը տեխնիկական վերազինումն է, արդիականացումը: Որոշ աշխատանքներ իրականացվել են, մասնավորապես՝ Որոտանի ՀԷԿ-ի որոշ կայանների սարքավորումն է նորացվել, բարձրավոլտ ենթակայանները եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի մասով վերազինվել են, բայց դեռ աշխատանք կա անելու, հատկապես՝ տեղափոխվող և բաշխիչ ենթահամակարգերում իրադրությունն այնքան էլ համադրելի չի միջին եվրոպական ցուցանիշներին»,- նշեց Ա. Մարջանյանը:











































