Google ընկերությունը թողարկել է Google Fit հավելվածը, որի միջոցով օգտատերը կարող է հետևել իր առողջությանն ու ֆիզիկական ակտիվությանը: Այս մասին ասվում է Google-ի պաշտոնական բլոգում:
Google Fit հավելվածն առաջին անգամ ներկայացվել էր հունիսին՝ Google I/O համաժողովի ժամանակ: Այսօրվանից օգտատերերը կարող են այն անվճար ներբեռնել Google Play առցանց խանութից Android 4.0 Ice Cream Sandwich և ավելի ուշ թողարկված՝ ՕՀ-ի տարբերակներով աշխատող սարքերի համար:
Android սմարթֆոններում ներկառուցված սենսորների օգնությամբ ծառայությունն ավտոմատ կերպով ֆիքսում է, թե օգտատերը երբ է քայլում, վազում կամ հեծանիվ վարում:
Տեխնոլոգիաների օգնությամբ ֆիթնես ակտիվության նկատմամբ վերահսկողությունը շուկայի թրենդներից մեկն է:











































