Վաղը լրանալու է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցը: 1999թ. այդ օրը Ազգային ժողովում հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կատարված ահաբեկչության ժամանակ զոհվեցին ութ գործիչներ: ԱԺ ներխուժած 5 հոգուց բաղկացած ահաբեկիչների խումբը գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին ու Հենրիկ Աբրահամյանին:
Մինչ օրս տարբեր մեկնաբանություններ են եղել, որ Հոկտեմբերի 27-ը կատարվեց մեր երկրում իշխանության բռնազավթման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ այլ պատճառներով: Այդ ահաբեկչությունից 15 տարի է անցել, սակայն կազմակերպիչները դեռևս բացահայտված և պատժված չեն: Մինչ այսօր էլ որևէ մեկը չի հավատում այն վարկածին, թե Հոկտեմբերի 27-ը միայն Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկչական խմբի ձեռքի գործն էր: Անցած 15 տարիների ընթացքում տարբեր մեկնաբանություններ են եղել այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ու հատկապես Վ. Սարգսյանի ու Կ. Դեմիրճյանի սպանությունից հետո Հայաստանի քաղաքական ու տնտեսական ընթացքը տեղափոխվեց զարգացման այլ փուլ:
Իսկ ինչ փոխվեց Հոկտեմբերի 27-ից հետո, ինչ տեղի ունեցավ և ինչ տեղի չէր ունենա, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը:
Վարչապետ Վազգեն Սարգսյանի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության և կադրային քաղաքականության հարցերով խորհրդական Անդրանիկ Քոչարյանը, գտնում է, որ Հոկտեմբերի 27-ին տեռորիստական գործողության միջոցով Հայաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում: «Դրա արդյունքում փոխվեց ամբողջ քաղաքական համակարգը և իշխանության կոնֆիգուրացիան: Այսօր էլ, այդ ոճրագործությունից 15 տարի անց Հայաստանը դեռևս գտնվում է Հոկտեմբերի 27-ի հետևանքների մեջ: Այն, ինչ կատարվեց Հայաստանում` դրանով փոխվեց Հայաստանի քաղաքական ընթացքը, զարգացման հեռանկարն իսպառ փակվեց: Իշխանության ամբողջ բովանդակությունն ու ձևը փոխվեց, նպատակները, մարդիկ փոխվեցին: Եվ փոփոխություններն իրականացան ոչ թե ընտրությունների միջոցով, այլ «Կալաշնիկով» ավտոմատի կրակահերթի արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Ա. Քոչարյանի կարծիքով` եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, այս Հայաստանը չէր լինի, ավելի լավ Հայաստան կլիներ: «Այն ժամանակ ժողովրդի մոտ իշխանության լեգիտիմության համար որևէ կասկած չկար: Եվ իշխանություններն էլ այդ իշխանությունը ձեռք էին բերել իրական և ոչ թե կեղծված ընտրությունների միջոցով: Իսկ այն մարդիկ, ովքեր դրա միջոցով իշխանության էին եկել, ունեին նպատակ՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Պարզապես, երբ իշխանությունը գլխատվեց, երբ լիդերները գնդակահարվեցին, երկիրը մնաց առանց առաջընթաց ապահովող լիդերների և քաղաքական համակարգի: Ըստ էության, այդպես է նաև հիմա»,- վստահ է Ա. Քոչարյանը:













































