2012 թվականին, ինչպես և դրա նախորդ տարիներին Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ կրեցին: Իսկ իրավիճակը չի կարող փոխվել, որովհետև համակարգն այնպիսին չէ, որ երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը: Մարդու իրավունքի իրավիճակի գնահատականը կարելի է տալ միայն քաղաքական իրավիճակից ելնելով: Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես ամփոփեց 2012 թվականը:
«Սկզբունքը տարիների ընթացքում նույնն է մնում, այսինքն` ընդհանուր համակարգային փոփոխություն չկա այս բնագավառում: Սրա պատճառը բացարձակ իշխանությունն է՝ երկրում գործում է բացարձակ իշխանություն, և հենց բացարձակ էլ խախտվում են մարդու իրավունքները: Իսկ որպեսզի մարդու իրավունքները չխախտվեն, պետք է դատական անկախ իշխանություն, որն էլ նշանակում է իշխանությունների տարանջատում, նշանակում է առանձին գերատեսչությունների ինքնուրույն աշխատանք, ոստիկանության, դատախազության ինքնուրույն աշխատանք: Մեկը մյուսի շարունակություն չպետք է լինի, տեղական ինքնակառավարումը պետք է լինի անկախ, ոչ թե կախված տեղական իշխանությունից, եթե այս ամեն ինչը չկա, ապա մարդու իրավունքների խախտումները համակարգային են»:
Առհասարակ, ըստ իրավապաշտպանի, մարդու իրավունքների պաշտպանությունն ալիքաձև է՝ կախված քաղաքական լարվածությունից. «Քանի որ անցած և նախանցած տարի քաղաքական լարված տարիներ չէին, ուստի մադկանց ակնառու, տեսանելի իրավունքների խախտումներ չեն եղել»:
Ավետիք Իշխանյանը մաղթում է, որ 2013 թվականին մեր ժողովուրդը ձեռք բերի արժանապատվության զգացում՝ նրանք, ովքեր կորցրել են դա:







































