Ծնկաչոք Հիտլերի արձանը դարձել է սկանդալի պատճառ: Ինչպես փոխանցում է The Huffington Post-ը, հանրության դժգոհությունը հարուցել է այն փաստը, որ իտալացի քանդակագործ Մաուրիցիո Կատելանի «Նա» ստեղծագործությունը տեղադրված է այն վայրում, որտեղ նախկինում գտնվել է Վարշավյան գետտոն:
Քանդակը տեղադրված է տան փակ բակում: Այն տեսնել հնարավոր է միայն հեռվից՝ տան բակ տանող դարպասների պատուհանից։ Արձանի չափերի ու մեջքով հանդիսատեսին շրջված լինելու պատճառով Հիտլերին հնարավոր է շփոթել աղոթող երեխայի հետ:
Թերթը մեջբերում է Սիմոն Վիզենտալի անվան հրեական իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչների խոսքերը, թե արձանը «դաժան սադրանք է, որ վիրավորում է նացիստների զոհ դարձած հրեաների հիշատակը»:
Վիճահարույց քանդակը Կատելանի ռետրոսպեկտիվ աշխատանքների ցուցադրության մաս է կազմում, որը ներկայում ցուցադրվում է Վարշավայում:
Սակայն նկարչի մյուս աշխատանքները ցուցադրվում են Ժամանակակից արվեստի թանգարանում: Հիտլերի արձանը հեղինակի անմիջական խնդրանքով տեղադրված է նախկին վարշավյան գետտոյի տեղում:
Կենտրոնի ղեկավար Ֆաբիո Կավալուչին ասել է, որ քանդակը չի անարգում նացիզմի զոհերի հիշատակը, այլ «փորձում է ասել այն թաքնված չարիքի մասին, որը կարող է լինել որտեղ պատահի»:
Նկարչի աշխատանքների ցուցադրությունը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը:









































