Հայաստանում բնակվող հույներն ու ասորիները Նոր տարին նշում են այնպես, ինչպես հայերը, սակայն որոշակի ավանդական ուտեստներ տարբերվում են հայկական ուտեստներից:
Ասորական «Աթուռ» կազմակերպության երիտասարդական թևի նախագահ Լեոնիդ Բադալովն այսօր ասուլիսի ընթացքում ասաց, որ իրենց սեղաններին առանձնանում է բուշալան, որը սպասի նման կերակուր է, սակայն այլ կերպ է պատրաստվում, և հալվան. «Մեր ավանդական Նոր տարին ապրիլի 1-ին է, այդ օրը համայնքի բոլոր անդամները հավաքվում և միասին նշում են Նոր տարին, սակայն քանի որ ապրում ենք Հայաստանում, հայերի նման նշում ենք նաև հունվարի 1-ը»:
Հունական համայնքի ներկայացուցիչ Սլավիկ Ռաֆայելիդիսն էլ ասաց, որ իրենց ուտեստներում տարբերվում է բրնձով և հունական համեմունքներով տոլման, ինչպես նաև՝ պիդահացը. «Այս հացի վրա խաչ են հյուսում, մեջը կոպեկ են դնում: Առաջին կտորը Աստծո բաժինն է, ում ընկավ կոպեկը, նա այդ տարին հաջողակ կլինի»:
Նշենք նաև, որ այժմ Հայաստանում 5000-ից ավելի հույն կա, որոնց մի մասը ամուսնացել են հայերի հետ, իսկ ասորիները կազմում են 6-ից 7 հազար:









































