Ադրբեջանական Salam News լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ «Դոկտրինա» Ռազմական լրագրողական հետազոտության կենտրոնի ղեկավար, փորձագետ Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև առկա է գաղտնի պայմանավորվածություն Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) շուրջ.
«Մեր կենտրոնի արած հետազոտությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ կարող է նախատեսված լինել մի շարք ուղղություններով ռազմական համագործակցություն:
Օրինակ՝ Ադրբեջանը կարող է ուժեղացնել իր գործունեությունը ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի շրջանակներում, իսկ ռուսական ձեռնարկությունները կարող են մեծացնել իրենց մասնակցությունը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ծրագրի շրջանակներում, 5 տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է միլիոնավոր դոլարների զենք և ռազմական տեխնիկա գնել Ռուսաստանից:
Չի բացառվում, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունն ուժեղանա նաև Կասպից ծովում և անցկացվեն համատեղ զորավարժություններ: Չի ակնկալվում, որ Գաբալայի ՌՏԿ-ն վարձակալությամբ կհանձնվի մեկ այլ երկրի»:







































